Ծխելը համեմատական է կյանքի որակի ցածր մակարդակի հետ

Տարբեր ժամանակահատվածներում կատարված 54 հետազոտությունները, որոնք վերաբերում էին ծխելուն և կյանքի որակին, ցույց են տվել, որ ծխախոտի օգտագործումը, նույնիսկ կարճ ժամկետներում, հանգեցնում է առավել ցածր ֆիզիկական, հոգեկան, սոցիալական ֆունկցիոնալության և դեպրեսիաների աճին:

Պացիենտները, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ կամ նարկոմանիայի խնդիրներ, հիմնականում ծխախոտ են օգտագործում: Նրանք մտածում են, թե ծխելն իրոք օգնում է թուլացնել նյարդերը և լարվածությունը, այնինչ...

այն իրականում թողնում է բացասական ազդեցություն կյանքի որակի վրա, նույնիսկ այն պարագայում, երբ այն օգտագործվում է շաբաթների կամ ամիսների ընթացքում: Իսկ ինչպես հայտնի է, այսօր համաշխարհային բժշկագիտության մեջ կարևոր տեղ է տրվում կյանքի որակի բարելավմանը:

 

Ըստ կատարված հետազոտության տվյալների՝ ծխող դեռահասներն ունեցել են ավելի շատ հոգեկան և ֆիզիկական անառողջ օրերի քանակ՝ ի համեմատ չծխող դեռահասների: Կյանքի որակի գնահատման տարբեր աղյուսակներով ցայտուն կերպով ցույց է տրվում հոգեկան առողջության, կենսական էներգիայի և սոցիալական ֆունկցիայի զգալի նվազում ծխողների մոտ:

 

Ծխախոտը մարդկանց դարձնում է ավելի քիչ ակտիվ, իջեցնում է մոտիվացիան, հանգեցնում է գրգռվածության և տագնապայնության առաջացման: Նաև ցույց է տրված ուղիղ համեմատական կապ ծխելու տևականության և կյանքի որակի նվազման միջև, կապված հիվանդացության և մահացության բարձրացման հետ:

Հետազոտողների նպատակն էր նաև տեսնել, թե ծխելը դադարեցնելը ինչ աստիճանով է ներգործում հոգեկան առողջության վրա և արդյոք կա դրական կամ բացասական ազդեցություն մարդկանց վրա՝ ծխելը թողնելուց հետո:Հետազոտության մեջ ընդգրկվել են ինչպես սովորական ծխողներ, այնպես էլ հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտներ (միջին տարիքը 44), ովքեր օրական օգտագործում են 20 ծխախոտի գլանակ:

 

Հետազորության արդյունքները ցույց են տվել ծխելուց հրաժարվողների մոտ կյանքի որակի հոգեբանական բոլոր ցուցանիշների բարելավում՝ տագնապի, դեպրեսիայի, սթրեսային իրավիճակի նվազում, պոզիտիվության բարձրացում: Այն վերաբերում է ինչպես ընդհանուր բնակչությանը, այնպես էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին:

 

Այսպիսով՝ ծխելուց հրաժարվելը զգալիորեն բարձրացնում է կյանքի որակը: