Էլեկտրոնային ծխախոտներ. արդյո՞ք անվտանգ են

Էլեկտրոնային ծխախոտները սկսել են արտադրվել 2003թ.-ից և դարձել են բավականին արդիական: Դրանք արտադրող ընկերությունների կողմից սկզբում ներկայացվում էին որպես ծխելն արգելվող վայրերում օգտագործելու համար նախատեսված ծխախոտի այլընտրանք, սակայն հետագայում դրանք սկսեցին գովազդել որպես ծխելը թողնելու արդյունավետ մեթոդ և առավել անվնաս ծխելու ձև:

 

Ինչպե՞ս են աշխատում էլեկտրոնային ծխախոտները

  

Դրանք էլեկտրոնային սարքեր են, որոնք արտաքին տեսքով նման են սովորական ծխախոտի գլանակի և թույլ են տալիս իմիտացնելու ծխելու պրոցեսը: 

 

Ծխելու պրոցեսի ընթացքում առաջանում են գոլորշիներ, որոնք պարունակում են նիկոտինի որոշակի քանակ: Ծխախոտի թունդ լինելը և համը կախված են էլեկտրոնային <<ֆիլտրից>> , որում էլ պարունակվում են նիկոտին և արոմատիզացնող նյութեր: Մեկ ֆիլտրը հավասարազոր է 15-50 ծխախոտի:

 

Դրական կողմերը

 

Ծխող մարդկանց մոտ վերանում են բերանի և ձեռքերի վատ հոտը, որոշակի բարելավվում է համային զգացողությունը: Այն նաև թույլ է տալիս ծխել այն վայրերում, որտեղ արգելված է ծխելը: Անվտանգ է շրջապատող մարդկանց համար:

 

Ինչո՞վ է այն վտանգավոր

 

Փաստ է, որ սովորական ծխախոտից էլելտրոնային ծխախոտին անցումը չի հանգեցնում ծխելուց հրաժարվելուն, այլ դառնում է հոգեբանական կախվածության պատճառ նոր ծխախոտի տեսակից: 

Ծխի իմիտացիան կարող է շրջապատող մարդկանց համար հոգեբանական գրգռվածության պատճառ դառնալ ծխի արտաքին նմանության պատճառով:

 

Էլեկտրոնային ծխախոտները չեն հանդիսանում անվտանգ, քանի որ քարթրիջների որակը լիովին կախված է արտադրող ընկերությունների բարեխղճությունից: Համաձայն ամերիկյան գիտնականների, էլեկտրոնային ծխախոտները չեն հանդիսանում անվտագ այլընտրանք, քանի որ նիկոտինի քանակը նրանցում գերազանցում է ներկայացվող նիկոտինի քանակին: 

 

Հեղուկը , որը թույլ է տալիս իմիտացնել ծուխը, պարունակում է պրոպիլենգլիկոլ: Այն կարող է առաջացնել ալերգիկ երևույթներ և նույնիսկ արգելակել ծխողի շնչառությունը:

 

Էլեկտրոնային ծխախոտները, չնայած բազմաթիվ հետազոտությունների, մինչև վերջ ուսումնասիրված չեն: Լիովին պարզված չէ դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա: Այնուամենայնիվ, էլեկտրոնային ծխախոտները անվտանգ չեն: