Պասիվ ծխողներ

Վնասակար սովորությունները այլևս ոչ մեկին չեն զարմացնում: Շրջելով փողոցով` մենք կարող ենք հանդիպել տասնյակ մարդկանց, ովքեր ծխում են: Այս վատ սովորությունը բորոշ է բոլոր տարիքային խմբերին, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Եթե ծխախոտում պարունակվող վնասակար նյութերի ազդեցությունը լիովին հասկանալի և բնական է ծխողների համար, ապա պետք է նշել, որ չծխողները այս դեպքում ևս մատահոգվելու առիթ ունեն:

 

Ցավոք, պասիվ ծխելու ազդեցությունը շատ մեծ է, և մեծ հաշվով դրանից պաշտպանվելու միջոցներ չկան: 


Տարբերում են ծխախոտի ծխի երկու տարատեսակ՝ հիմնական և պասիվ: Պասիվ ծուխը հենց այն ծուխն է, որը դուրս է գալիս այրվող ծխախոտի գլանակից, իսկ հիմնականը դա ներշնչվող ծուխն է: Հիմնական ծուխը անկասկած վնասակար է ծխող մարդու համար, բայց ահա պասիվ ծուխը շատ ավելի վնասակար է, քանի որ 80% վնասակար նյութերը արտանետվում են այրվող ծխախոտի գլանակից շրջակա միջավայր և ազդում շրջապատում գտնվող մարդկանց վրա: Աշխարհում պասիվ ծուխը յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառ է դառնում: Պասիվ ծխի ազդեցության հետևանքով առաջացող մահերի 31%-ը պատահում է երեխաների մոտ: 


Պասիվ ծխողների մոտ ավելի հաճախ են հանդիպում շնչառական, սիրտ-անոթային և այլ օրգան- համակարգերի հիվանդությունները ի համեմատ այն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում այդ ազդեցությանը: Պասիվ ծխելը նաև թուլացնում է հիշողությունը և առաջացնում է նյարդային վիճակ: Ծնողների հետ բնակվող չծխող անձիք 30%-ով ավելի ենթակա են սրտամկանի ինֆարկտից մահանալու վտանգին:


Այնպես որ, հարգելի ծխողներ, եթե Դուք չեք մտածում Ձեր առողջության մասին և եթե անգամ չեք կարողանում հրաժարվել այդ չարիքից, ապա հոգացեք Ձեր ընտանիքի և շրջապատող մարդկանց համար, մի ստիպեք նրանց շնչել այդ ծուխը: Հետևեք կանոննեին և մի ծխեք հասարակական վայրերում, դրանով իսկ Ձեր ներդրումն ունենալով մարդկանց առողջ ապրելակերպում: