Ծխախոտի ազդեցությունը պտղի վրա

Ծխախոտի ազդեցությունը մարդու առողջության վրա բազմիցս քննարկվել է: Մենք այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես է ծխախոտն ազդում կանանց վերարտադրողական ֆունկցիայի, գլխավորապես հղիության ընթացքի վրա և ապագա երեխայի առողջության վրա:  

 

 

 


Եթե տղամարդկանց մոտ ծխելը իջեցնում է սպերմատոզոիդների քանակը և շարժունակությունը սպերմայում, նվազեցնում է սեռական հորմոնների արտադրությունը, ազդում պոտենցիայի վրա, ապա ծխող կանանց մոտ բացի վերարտադրողական ֆունկցիայի իջեցումից և դաշտանային ցիկլի խանգարումից այն բերում է է նաև այնպիսի օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման, որոնք անմիջական ազդեցություն ունեն ապագա սերունդների առողջության վրա:


Ինչպես հայտնի է, "փորձառու" ծխողները տառապում են շնչառական համակարգի օրգանների հիվանդություններով: Քրոնիկակամ բրոնխիտը, թոքերի էմֆիզեման, բրոնխիալ ասթման բազմամյա ծխողի անբաժան ուղեկիցներն են: Հղի կնոջ մոտ այսպիսի հիվանդությունները ինքնին հանդիսանում են պտղի ներարգանդային զարգացման ընթացքում թթվածնային անբավարարության պատճառ:


Օրական 15-20 ծխախոտի գլանակի օգտագործումը կարող է հանգեցնել պլացենտայի (ընկերքի) տարանջատման և արյունահոսության զարգացման: Նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում արգանդի անոթների սպազմ, պլացենտայում հայտնաբերվում են մահացած հյուսվածքի հատվածներ և քչանում են արյունատար անոթների քանակը: Ածխածնի օքսիդը, որը պարունակվում է ծխախոտի ծխում, ամուր կապվում է արյան հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով կարբոքսիհեմոգլոբին , որը խանգարում է հյուսվածքների թթվածնամատակարարումը:

 

Այս բոլոր գործոնները միասին հանգեցնում են պլացենտայի արյունամատակարարման խանգարման, բերելով հիպօքսիայի և հիպոտրոֆիայի (պտղի աճի խանգարման): Ուստի զարմանալի չէ, որ ծխող կանայք ունենում են փոքր մարմնի զանգվածով երեխաներ: Նյութափոխանակության խանգարումները, ներարգանդային հիպոքսիան ուղեկցվում են նյարդային համակարգի խանգարումներով, այսպիսի երեխաները լինում են նյարդային, վատ են քնում, վատ են ուտում: Ներարգանդային զարգացման ընթացքում թթվածնային քաղցը պատճառ է դառնում այս երեխաների մոտ հետագայում ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարումների, հորմոնալ դիսբալանսի, բրոնխային և թոքային հիվանդությունների առաջացման:



Այս ամենը իր արտահայտությունն է գտնում վիճակագրության մեջ: Նույնիսկ չափավոր (9 գլանակ) ծխող կանանց մոտ նորածնային մահացությունը 20% -ով ավելի բարձր է, 2 անգամ ավելի հաճախ են ծնվում տարբեր արատներով երեխաներ: Եթե հղին ծխում է օրական 10-ից ավել գլանակ , ապա այս ցուցանիշները ավելի բարձր են լինում. համապատասխանաբար 26% և 3 անգամ: 


Եթե Դուք ծխում եք և ցանկանում եք ունենալ առողջ երեխա, ապա հրաժարվեք ծխելուց մինչև հղիությունը: