Լուծ

 

Ի՞նչ է լուծը

Որո՞նք են լուծի պատճառները

Վտանգավո՞ր է արդյոք լուծը

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել լուծի դեպքում

 

Ի՞նչ է լուծը

Լուծը դա չձևավորված (ջրիկ կամ շիլայանման) կղանքի արտաթորումն է, հիմնականում ուղեկցվում է կղազատման հաճախացմամբ` օրական երեք անգամից ավելի:

Լուծը հանդիսանում է մարսողական համակարգի հիվանդութ յունների ամենատարածված դրսևորումը, ոչ միայն հաստ ու բարակ աղիների ախտահարման դեպքում, այլ նաև երբ կա խնդիր ստամոքսում, ենթաստամոքսային գեղձում, լյարդում, լեղուղիներում, լեղապարկում և այլն:

Մարդու ընդունած սնունդը, հեղուկը, նրա մարսողական գեղձերի կողմից արտադրված հյութերի քանակը միջինում կազմում է 7 լիտր, որի մեծ մասը առողջ մարդու մոտ ներծծվում է բարակ և հաստ աղիներում: Արդյունքում օրական ձևավորվում է միայն 100-200 գրամ արտաթորանք կղանքի տեսքով, որում ջրի պարունակությունը կազմում է 60-70%: Եթե հեղուկի ներծծումը խանգարվում է 10%-ով, կղանքի ծավալը կրկնակի մեծանում է և նրանում ջրի պարունակությունը դառնում է 85-90%: Լուծի դեպքում օրական կղանքի զանգվածն ավելանում է և կազմում է 250-300 գրամ: Մեծ մասամբ լուծի առաջացման հիմքում ընկած է աղիներում ջրի և հանքանյութերի (էլեկտրոլիտների) ներծծման խանգարումը:

 

Որո՞նք են լուծի պատճառները

Արտաքին պատճառներ`

  • Մի շարք դեղորայքի կիրառում` լուծողականներ, մագնեզիում պարունակող անտացիդներ, ֆուրոսեմիդ, կոլխիցին
  • Որոշ թույներ` ծանր մետաղների աղեր, սնկեր, միջատասպան նյութեր (ինսեկտիցիդներ), թույներ, որոնք կարող են գտնվել ձկնամթերքում
  • Ըմպելիքներ` սուրճ, թեյ, կոլա, ալկոհոլ
  • Մեծ քանակությամբ բուսական բջջանք (միրգ և բանջարեղեն), մանիտոլ, քսիլիտ (E 967) պարունակող սննդմաթերք

Ներքին պատճառներ`

  • Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, երբ գեղձի հյութն անբավարար է արտադրվում
  • Լյարդի հիվանդություններ՝ լեղաթթուների անբավարար արտադրությամբ
  • Էնտերոպաթիաներ (գլուտենային էնտերոպաթիա կամ ցելիակիա, դիսախարիդազային, լակտազային անբավարարություն)
  • Աղիների բորբոքային հիվանդություններ (խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)
  • Բարակ աղու դիվերտիկուլյոզ
  • Աղիներում միկրոֆլորայի խանգարում
  • Աղիքային ինֆեկցիաներ
  • Ուիպլի հիվանդություն
  • Տարբեր ուռուցքներ
  • ՁԻԱՀ
  • Նյութափոխանակային և հորմոնային խանգարումներ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ):

Տարբերում են սուր և խրոնիկական լուծ: Սուր լուծը տևում է 1-2 շաբաթ և հիմնականում ինքնաբերաբար վերանում է: Պատճառը վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաներն են, դեղորայքը, աղիների իշեմիան (սնուցման խանգարումը), էմոցիանալ սթրեսը (վախ), արտահայտված ֆիզիկական ակտիվությունը: Տարեկան մահացության դեպքերի մոտ 5 մլն.-ի պատճառը լուծն է, որոնցից մոտ 1 միլիոնը մինչև 5 տարեկան երեխաներ են:

Լուծը համարվում է խրոնիկական, եթե տևում է 3 շաբաթից ավելի: Հիմնականում այն ոչ ինֆեկցիոն ծագման է, ինչպես նաև կարող է լինել այլ օրգանների հիվանդությունների դրսևորում: Առաջացման պատճառները վերոնշյալ ներքին պատճառներն են:

Վտանգավո՞ր է արդյոք լուծը

Կարևոր է հիշել, որ լուծն օրգանիզմի համար պաշտպանական նշանակություն ունի և ոչ մի դեպքում չի կարելի է այն մեխանիկորեն կանխել: Սակայն որոշ դեպքերում երկարատև լուծը կարող է բերել բարդությունների առաջացման, ինչպիսիք են օրինակ ջրազրկումը, ջրա-աղային հավասարակշռության խանգարումը հյուծումը, թերսնուցումը:

Ջրազրկումը հատկապես վտանգավոր է և ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Ծանր ջրազրկման դեպքում կարող է զարգանալ երիկամային անբավարարություն, նյարդային խանգարումներ: Ջրազրկամն նշաններն են` ընդհանուր թուլություն, գլխապտույտ, անըդհատ ծարավի զգացում, բերանի չորություն, պուլսի և շնչառության հաճախացում, միզարձակության նվազում:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Անհապաղ դիմե՛ք բժշկի, եթե`

  • կղանքում առկա է արյուն կամ թարախ,
  • լուծն ուղեկցվում է որովայնի ուժեղ ցավերով,
  • լուծն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ,
  • նկատվում է քաշի կորուստ 4-5կգ.,
  • առկա է գիշերային լուծ,
  • առկա են ջրազրկման նշաններ:

Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել լուծի դեպքում

Լուծի առկայության դեպքում առաջնահերթը թերսնուցման և ջրազրկման դեմ պայքարն է, որի նպատակով անհրաժեշտ է կիրառել մեծ քանակությամբ հեղուկներ ներերակային կամ խմելու ձևով: Կարելի է կիրառել դեղատներում առկա միջոցներից կամ պատրաստել տնային պայմաններում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված հետևյալ խառնուրդը.

  • Աղ ¾ թեյի գդալ,
  • Հետևյալ բաղադրությամբ փոշուց 1 թեյի գդալ. 1 բաժին կերակրի սոդա, 1 բաժին կիտրոնաթթու, 1 բաժին ալյուր, օսլա, շաքարի փոշի,
  • 1 բաժակ նարնջի հյութ,
  • 1 լիտր ջուր:

Սուր լուծի դեպքում անհրաժեշտ է սննդակարգից հանել յուղոտ, տապակած, կծու, մրապխտած, պահածոյացված սննդամթերքը, համեմունքները, բուսական թելերով հարուստ մթերքները (մրգեր, բանջարեղեն, մրգերից կարելի է կիրառել նուռ, տանձ, սերկևիլ, արքայանարինջ – королёк): Խորհուրդ է տրվում կիրառել եփած կամ շոգեխաշած սնունդ: Առաջարկվում է այսպես կոչված BRAT սննդակարգը` բանան, բրինձ, խնձորի պյուրե, չոր հաց:

Ցելիակիայով հիվանդներին խորհուրդ է տրվում կիրառել ագլուտենային դիետա` բացառել բոլոր այն մթերքները, որոնք պատրաստված են հացահատիկներից (ցորեն, գարի, տարեկան): Եթե լուծն ի հայտ է գալիս կաթնամթերքի կիրառումից, համապատասխանաբար սննդակարգից պետք է բացառել կաթն ու կաթնամթերքը:

Ոչ մի դեպքում առանց բժշկի հետ խորհրդակցելու չի կարելի կիրառել որևե դեղորայք:

Սննդամթերքի ճիշտ մշակումը, մրգերի ու բանջարեղենի մանրակրկիտ լվանալը կարող են կանխել լուծերի և դրանցով պայմանավորված բարդությունների առաջացման բազմաթիվ դեպքեր: