Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն

Ի՞նչ է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը

Ո՞րն է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության պատճառը

Որո՞նք են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները 

Որո՞նք են ԳԷՌՀ տեսակները

Որո՞նք են ԳԷՌՀ նշանները 

Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ ԳԷՌՀ ժամանակ

Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել 

 

Ի՞նչ է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը

 

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը՝ ԳԷՌՀ (ստամոքս-կերակրափողային հետհոսք) բնորոշվում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պարունակության կրկնվող հետհոսքով դեպի կերակրափող, ինչը հաճախ ուղեկցվում է կերակրափողի  լորձաթաղանթի բորբոքմամբ, ինչպես նաև խոցերի առաջացմամբ, կերակրափողի նեղացմամբ, կերակրափող-ստամոքսային արյունահոսություններով: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը կերակրափողի հիվանդություններից ամենատարածվածն է:

 

Ո՞րն է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության պատճառը

Նորմայում կերակրափողի այն հատվածում, որտեղ այն միանում է ստամոքսին, գտնվում է ստորին կերակրափողային սեղմանը կամ փականը: Այն փակվում է սնունդը կուլ տալուց հետո՝ թույլ չտալով, որ ստամոքսի պարունակությունը հետ նետվի դեպի կերակրափող: Երբ կերակրափողային ստորին սեղմանի փակումն անբավարար է (այսպես կոչված դիսֆունկցիա), դա առաջացնում է նշված հետնետումը՝ ռեֆլյուքսը, իսկ երբ դա բավականին հաճախ է առաջանում՝ շաբաթը 2 անգամից հաճախ, ապա գործ ունենք արդեն գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության հետ:

Ներկայումս տարբերում են առաջացման հիմնական մեխանիզմներ՝

Սպոնտան (ինքնաբուխ)՝ ստորին կերակրափողային փականի ժամանակ առ ժամանակ առաջացող թուլացում` անատոմիական անոմալիաների  բացակայության պայմաններում:

Ներորովայնային ճնշման բարձրացում` ստորին կերակրափողային փականի ճնշումից առավել: Այս երևույթը տեղի է ունենում կամ ստամոքսի գերլցման դեպքում, երբ ընդունած կերակուրը չափից ավելի է, կամ պառկած ու կռացած դիրքերում սնունդ ընդունելիս: Ներորովայնային ճնշման բարձրացում կարող է դիտվել նաև վքնածության, փորկապության, հղիության դեպքում, ինչպես նաև որովայնը սեղմող հագուստներ, ձիգ գոտիներ, կորսետներ կրելիս և ծանրություն բարձրացնելիս:

- Ստորին կերակրափողային փականի տոնուսի նկատելի նվազում, որի հետևանքով ստամոքսում և կերակրափողում ճնշումները հավասարվում են: Այս երևույթը կարող է դիտվել ստամոքսի և կերակրափողի տարբեր վիրահատություններից հետո, կերակրափողի ստոծանիական բացվածքի ճողվածքի, սկլերոդերմիայի, ճարպակալման դեպքում, ինչպես նաև որոշ դեղորայքի կիրառումից:

 

Որո՞նք են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները:

 

·         Ուտելու ժամանակ հեղուկների, հատկապես՝ գազավորվածը ըմպելիքների օգտագործումը

·         Ներորովայնային ճնշումը բարձրացնող գործոնները (ամուր կապած գոտի, ֆիզիկական աշխատանք, հղիություն)

·         Առատ, կծու, թթու, աղի սնունդը 

·         Նստակյաց ապրելակերպը

·         Ճարպակալումը

·         Գազավորված ըմպելիքները

·         Սև թեյի չարաշահումը                

·         Շոկոլադի չարաշահումը            

·         Արագ ուտելը

·         Ոտելուց անմիջապես հետո պառկելը

 

Որո՞նք են ԳԷՌՀ տեսակները

Կախված նրանից, թե էնդոսկոպիայի (կերակրափողի ու ստամոքսի ներքին զննման) ժամանակ հայտնաբերվում է արդյոք թթվի հետհոսքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի բորբոքում, առանձնացնում են ԳԷՌՀերկուտեսակ`

1.      գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս՝առանց էզոֆագիտի (կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման)

2.      գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս` էզոֆագիտով:

 

Որո՞նք են ԳԷՌՀ նշանները

Կերակրափողային

Արտակերակրափողային

Այրոցք

Խրոնիկական հազ

Գղտոց

Հևոց

Դիսֆագիա (կլման ակտի խանգարում)

Գերթքարտադրություն

Օդինոֆագիա (հետկրծոսկրայինցավկլմանակտիժամանակ)

Բրոնխոսպազմ

Ռեգուրգիտացիա (սննդի հետհոսք)

Սրտի ռիթմի խանգարում

                                                    

Այրոցք: Առավել բնութագրական նշանն է: Այրոցքն առավել արտահայտված է ուտելուց հետո, հատկապես կծու, յուղոտ, շատ քաղցր սնունդ, շոկոլադ, ալկոհոլ, սուրճ, թունդ սև թեյ, գազավորված խմիչքներ ընդունելուց հետո, առաջ թեքված վիճակում և հորիզոնական դիրքում: Տեղակայված է կրծոսկրի հետևում և որովայնի վերին շրջանում:

Գղտոց: Թթվային կամ դառը պարունակությամբ գղտոցն առաջանում է ստամոքսային և/ կամ տասներկումատնյա աղիքայինպարունակության անցման հետևանքով դեպի կերակրափող, այնուհետև` բերանի խոռոչ: Ինչպես այրոցքը, գղտոցը ևս ուժեղանում է ուտելուց հետո, հորիզոնական և առաջ թեքված դիրքում:

Կլման դժվարեցում կամ դիսֆագիա: Կերակրափողով սննդի անցման, կլման ակտի խանգարում է: Հանդիսանում է կերակրափողի հիվանդությունների ամենահաճախ հանդիպող ախտանիշը: Հիմնականում առաջանում է ԳԷՌՀբարդացած ընթացքի դեպքում, օրինակ՝ էրոզիվ-խոցային էզոֆագիտ, կերակրափողի պեպտիկ ստրիկտուրա (նեղացում), Բարետի կերակրափող: Սովորաբար դիսֆագիան ընդմիջվող բնույթ ունի, և ԳԷՌՀ ժամանակ շատ բնորոշ է պարադոքսալ դիսֆագիան, երբ խանգարված է որկորով հիմնականում ջրիկ կերակրի անցումը այն դեպքում, երբ պինդ կերակրի անցումը գրեթե խանգարված չէ:

Ցավոտ կլում կամ օդինոֆագիա: Ցավոտություն է, որն առաջանում է սնունդը կուլ տալու և կերակրափողով անցնելու ժամանակ: Ցավը սովորաբար տեղակայված է կրծոսկրի հետևում կամ միջթիակային հատվածում և կարող է ճառագայթել դեպի թիակը, պարանոց, ստորին ծնոտ, սրտի շրջանը, նմանվելով ստենոկարդիային (սրտային հեղձուկ):

Ռեգուրգիտացիա (կերակրափողային փսխում): Հաճախ հանդիպում է կանգային էզոֆագիտների ժամանակ և դրսևորվում է կերակրափողի պարունակության պասիվ անցումով դեպի բերանի խոռոչ:

 

Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ ԳԷՌՀ ժամանակ

Արյունահոսություն:  Մետապլազիայի և դիսպլազիայի օջախներ` Բարետի կերակրափող:  Խոցասպիական ձևախախտումներ` լուսանցքի նեղացում,  կայուն և արտահայտված  դիսֆագիա, որի պատճառով դիտվում է  դժվարություն և  վախ սնունդ ընդունելու նկատմամաբ:

 

Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել

Եթե նշված գանգատներն առկա են Ձեզ մոտ, պետք է դիմել բժշկի, ով կատարելով անհրաժեշտ հետազոտությունները՝ կհաստատի ախտորոշումը և կորոշի հիվանդության տեսակը, բարդությունների առկայությունը: ԳԷՌՀ բուժումն ուղղված է հետևյալ նպատակներին՝ ախտանիշերի /գանգատների/ կանխարգելում, լորձաթաղանթի վնասման կանխարգելում, բարդությունների բուժում / կանխարգելում:

Բացի դեղորայքային բուժումից, կարևոր են կենսակերպի և սննդակարգի հետևյալ փոփոխությունները:

Սնունդը պետք է ընդունել փոքր չափաբաժիններով: Ընդհանրապես, հագենալու զգացումն առաջանում է ստամոքսը լցվելուց 20 րոպե հետո: Արագ ուտելու դեպքում ժամանակը չի բավականացնում հագենալու զգացում առաջանալու համար, և մարդն ընդունում է չափից ավելի սնունդ, ինչը նպաստում է ներստամոքսային ճնշման բարձրացմանը և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի առաջացմանը:

Շատ կարևոր է քնելուց 3 ժամ առաջ սննունդ չընդունելը, հատկապես` միրգ: Միրգն ընդհանրապես խորհուրդ է տրվում ուտել սննդից 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո:

Ուտելու ընթացքում ցանկալի չէ մեծ քանակի հեղուկների, հատկապես գազավորված ըմպելիքների, ընդունումը: Ցանկալի է խուսափել շատ կծու, թթու, քաղցր, դառը սննդից, որը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը և կծկողաշարժողական խանգարումներ է առաջացնում ստամոքսի ելքի հատվածում, որոնց հետևանքով ստամոքսում ճնշումը բարձրանում է:

Կարդիալ փականը թուլացնում են նաև ճարպոտ սնունդը, շոկոլադը, թունդ սև թեյը և սուրճը, նաև ծխախոտի նիկոտինը, որոնց օգտագործումը նույնպես ցանկալի չէ:

Շատ կարևոր է ուտելու ժամանակ մարմնի դիրքը: Ուտելուց պետք է նստել բարձր սեղանի մոտ, որպեսզի չկռանալ և չբարձրացնել ներորվայնային ճնշումը: Ուտելուց հետո ևս կռանալ և պառկել ցանկալի չէ, խորհուրդ է տրվում 10-15 րոպե քայլել:

Քնելուց անկողնու գլխային հատվածը պետք է լինի հնարավորինս բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել ամուր, սեղմող գոտի կրելուց: