Սրտխառնոց և փսխում

Որո՞նք են սրտխառնոցի և փսխման պատճառները

Վտանգավո՞ր է արդյոք փսխումը

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

Բազմաթիվ վնասակար գործոններով հարուստ արտաքին միջավայրում գոյատևելու համար մարդու օրգանիզմը մշակել է մի շարք միջոցներ այդ գործոններն օրգանիզմից դուրս բերելու համար. փռշտոցը հեռացնում է վնասատուներին քթի խոռոչից, հազը` կոկորդից, լուծը` աղիներից, իսկ փսխումը` ստամոքսից:

Փսխումը դա ստամոքսի և բարակ աղու վերին հատվածի պարունակության արագ դատարկումն է բերանի միջոցով: Այն իրականացվում է մի շարք մկանախմբերի համաձայնեցված գործունեության արդյունքում, որոնք կառավարվում են գլխուղեղի փսխման կենտրոնի կողմից: Փսխման կենտրոնն ակտիվանում է ի պատասխան բերանից, ստամոքսից, աղիներից, արյունից, հավասարակշռության օրգանից և հենց գլխուղեղից եկող ազդակներին:

 

Որո՞նք են սրտխառնոցի և փսխման պատճառները

  • հղիություն (սրտխառնոց` 50-90% ևփսխում` 25-55% դեպքերում)
  • ծովային հիվանդություն (սրտխառնոց և փսխում, որոնք առաջանում են շարժման ժամանակ, օրինակ տրանսպորտում և նավի վրա)
  • որոշ դեղորայքի կիրառում (հակաբիոտիկներ, ցավազրկողներ, սիրտանոթային դեղեր, թմրանյութեր և այլն)
  • քիմիա- և ճառագայթային թերապիա ուռուցքով հիվանդների մոտ
  • մարսողական ուղու հիվանդություննր (խոց, աղիների ախտահարումներ, կույր աղու որդանման ելունի բորբոքում, աղիքային անանցանելիություն և այլն)
  • ինֆեկցիաներ (օր. «ստամոքսի գրիպ»)
  • թունավորումներ, ալկոհոլի չարաշահում, սննդային ալերգիա
  • լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
  • նյութափոխանակության և հորմոնային խանգարումներ (շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և այլն)
  • ներքին ականջի հիվանդություններ (այնտեղ է գտնվում հավասարակշռության օրգանը)
  • գլխուղեղի ախտահարումներ (տրավմա, ինֆեկցիա, ուռուցք և այլն)
  • գլաուկոմա
  • միգրեն, ցիկլիկ փսխման համախտանիշ (որովայնային միգրեն)
  • հոգեբանական խանգարումներ (դեպրեսիա, տագնապ, բուլիմիա, նյարդային անոռեքսիա)
  • էմոցիոնալ սթրես (օր. վախ)
  • որոշ համեր, հոտեր, տեսարաններ
  • չափից շատ ուտելը
  • ուժեղ ցավ
  • սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն
  • ուռուցքների որոշ տեսակներ (օր. գլխուղեղի, ստամոքսի)
  • հետվիրահատական:

Սրտխառնոցի և փսխման պատճառները տարբեր են՝ կախված տարիքից: Երեխաների մոտ ամենահաճախ պատճառներն են վիրուսային ինֆեկցիաները, որոշ սննդամթերքների անտանելիությունը, սննդային ալերգիան, բնածին արատները և նյութափոխանակության խանգարումները, աղիքային անանցանելիությունը, տենդը:

Հաճախ սրտխառնոցի և փսխման ժամանակ ներկայումս մեզ հասանելի հետազոտման մեթոդներով որևէ խանգարում չի հայտնաբերվում: Նման դեպքերում գործ ունենք այսպես կոչված տամոքսաղիքային ֆունկցիոնալ խանգարումների հետ: Այս խանգարումները թեև կարող են լուրջ անհանգստություն պատճառել, սակայն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում:

 

Վտանգավո՞ր է արդյոք փսխումը

Սովորաբար փսխումն անվտանգ է և պաշտպանական նշանակություն ունի, սակայն երբեմն երկարատև և հաճախակի փսխումները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Փսխումը կարող է հանգեցնել ջրազրկման և ջրաաղային փոխանակության խանգարման: Ջրազրկման ռիսկը բարձր է երեխաների մոտ, հատկապես եթե առկա է նաև լուծ: Ջրազրկման նշաններն են բերանի և շուրթերի չորությունը, ծարավի զգացումը, աչքերի ներսընկածությունը, պուլսի և շնչառության հաճախացումը, հազվադեպ միզարձակումը: Կրկնվող փսխումները հղի կանանց մոտ կարող են հանգեցնել մի վտանգավոր վիճակի, որը կոչվում է հղիների փսխումային համախտանիշ: Այնկարող է վտանգել ինչպես պտղի, այնպես էլ մոր կյանքը:

Հազվադեպ ուժեղ և կրկնվող փսխումները, հատկապես ալկոհոլի չարաշահման դեպքում, կարող են վնասել կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթը և արյունահոսության պատճառ դառնալ (Մելորի-Վեյսի համախտանիշ): Երբեմն կերակրափողը կարող է նույնիսկ պատռվել (Բուրհավի համախտանիշ): Սրանք կյանքին սպառնացող վիճակներ են և պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն:

Սրտխառնոցը և փսխումը կարող են լինել նաև մի շարք վտանգավոր հիվանդությունների նշան, օրինակ աղիքային անանցանելություն, կույր աղու բորբոքում, գլխուղեղի ախտահարում և ուռուցքներ:

 

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Անհապաղ դիմեք բժշկի կամ զանգահարեք շտապ օգնություն հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում.

  • արյուն կամ սուրճի նստվածք հիշեցնող նյութի առկայություն փսխման զանգվածներում
  • կղանքային զանգվածներ կամ հոտ փսխման զանգվածում
  • ուժեղ գլխացավ կամ հետին պարանոցային մկանների կարկամություն (չեք կարողանում կզակը մոտեցնել կրծքավանդակին)
  • որովայնի ուժեղ ցավ
  • կրծքավանդակում ցավ կամ սեղմոցի զգացում
  • թունավորման կամ գանգուղեղային վնասվածքի կասկած
  • արտահայտված ջրազրկման նշաններ (տե՛ս վերևում)
  • թուլություն, գիտակցության մթագնում, ուշագնացություն, ուշադրության իջեցում
  • վերջին 12 ժամի ընթացքում չեք կարողացել որևէ հեղուկ կամ սնունդ ընդունել առանց փսխելու

Անպայման հերթագրվեք բժշկի հետ խորհրդակցության հետևյալ դեպքերում.

  • սրտխառնոցը տևում է մեկ շաբաթից, իսկ փսխումը` 24 ժամից ավել
  • սրտխառնոցի և փսխման էպիզոդներ լինում են ավելի քան մեկ ամսի ընթացքում
  • ուղեկցող քաշի կորուստն ավելի քան 4,5 կգ է կազմում
  • կա հղիության հավանականություն:

0-6 տարեկան երեխաների դեպքում անհրաեշտ է դիմել բժշկի, եթե.

  • փսխումները տևում են մի քանի ժամից ավել
  • ուղեկցվում են լուծով կամ տենդով (≥38°C)
  • առկա են ջրազրկման նշաններ, երեխան չի միզել վերջին վեց ժամի ընթացքում

Բժշկի դիմելը ցանկալի է յուրաքանչյուր գանգատի դեպքում:

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

  • Հանգիստ. Ֆիզիկական ակտիվությունը և էմոցիոնալ սթրեսը կարող են ուժեղացնել սրտխառնոցը
  • Սնունդ. Օգտագործեք ոչ շատ կոշտ, սենյակային ջերմաստիճանի սնունդ, օրինակ կրեկերներ, թոսթեր, անյուղ միս, բրինձ: Սնունդ ընդունեք այն ժամանակ, երբ սրտխառնոցը թուլանում է, կերեք հաճախակի, փոքր չափաբաժիններով և դանդաղ: Ուտելուց հետո 30 րոպե հանգստացեք նստած կամ կիսապառկած դիրքում: Եթե սրտխառնոց եք զգում անմիջապես արթնանալուց հետո, փորձեք կրեկեր կամ թոսթ ուտել նախքան անկողնուց վեր կենալը:
  • Հեղուկներ. ջրազրկումից խուսափելու համար աշխատեք ընդունել 2-2,5 լ հեղուկ օրական, սակայն քիչ-քիչ: Օրինակ՝ սենյակային ջերմաստիճանի ջուր, հանքային ջուր (գազահանված), քաղցր հյութեր (բայց ոչ նարնջի կամ գրեյպֆրուտի, քանի որ դրանք թթու են): Կարող եք օգտագործել մարզիկներիի համար նախատեսված ըմպելիքներ կամ ռեհիդրատացիոն լուծույթներ (հարցրեք դեղատներում), որպեսզի վերականգնեք փսխման ընթացքում կորցրած հանքանյութերը: Հեղուկներն ընդունեք ուտելուց մեկ ժամ հետո: Եթե սրտխառնոցն ուժեղանում է, փորձեք խմել որևէ քաղցր հեղուկ, դա կհանգստացնի սրտխառնոցը և կկանխի փսխումը:
  • Խուսափեք ճարպոտ, տաք, կծու, թթու, առատ համեմված սննդից, սուրճից, ծխախոտից, ուժեղ հոտերից և այլ ազդակներից, որոնք ուժեղացնում են սրտխառնոցը.դրանք կարող են լինել ուտելիքի հոտը, օծանելիքը, տոթ տարածքները, բարձր խոնավությունը, տաքությունը, տրանսպորտով երթևեկելը:

Մ՛ի ընդունեք որևէ դեղորայք առանց բժշկի հետ խորհրդակցելու: