Փորկապություն

Ի՞նչ է փորկապությունը

Ո՞րոնք են փորկապության պատճառները

 

Վտանգավո՞ր է արդյոք փորկապությունը

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում փորկապությունը կանխելու կամ թեթևացնելու համար

 

 

 

Ի՞նչ է փորկապությունը

 

 

Փորկապությունը բավականին տարածված խնդիր է, որով, որոշ տվյալների համաձայն, տառապում է հասարակության 15%-ը: Սակայն ցավոք հիվանդների մեծ մասը չի դիմում բժշկի:

Կղազատման հաճախությունը լայնորեն տատանվում է տարբեր մարդկանց մոտ,  սակայն եթե աղիները չեն գործում երեք օրից ավել, կղանքային զանգվածները դառնում են պինդ և չոր, ինչն ավելի է դժվարեցնում աղիների գործելը: Նման դեպքերում գործ ունենք փորկապության հետ:

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ո՞րոնք են փորկապության պատճառները 

 

·        Սննդակարգում բուսական թելերի ցածր պարունակությունը (բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը) 

·         ոչ բավարար քանակությամբ հեղուկներ ընդունելը 

·         ֆիզիկական ակտիվության պակասը 

·         սանհանգույց գնալու հետաձգումը, երբ առկա է աղիները գործելու կանչ 

·         սովորական ապրելակերպի փոփոխությունները (օր. ճանապարհորդություններ) 

·         հղիությունը 

·         հոգեբանական խնդիրները և հոգեկան հիվանդությունները` դեպրեսիա, տագնապ և այլն 

·         նյարդաբանական հիվանդությունները (պարկինսոնիզմ և այլն) 

·         ուղիղ աղու հիվանդությունները (թութք, ճաք, ուռուցք և այլն) 

·         աղեստամոքսային ուղու հիվանդությունները (բնածին արատներ, ուռուցք, դիվերտիկուլյոզ, խոցային հիվանդություն և այլն) 

·         նյութափոխանակության և հորմոնային խանգարումները (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, երիկամային անբավարարություն) 

·         համակարգային հիվանդությունները  (այս խմբի հիվանդություններն ախտահարում են միաժամանակ մի շարք օրգաններ, օր. սկլերոդերմիա,  ամիլոիդոզ) 

·         ջրաաղային փոխանակության խանգարումները (օր. ծանր լուծից հետո) 

·         որոշ դեղորայքի օգտագործումը 

o       հակադեպրեսանտներ և այլ հոգեմետ դեղեր 

o       որոշ ցավազրկողներ 

o       հակացնցումային դեղեր 

o       զարկերակային ճնշումն իջեցնող դեղեր 

o       ստամոքսի թթվայնությունն իջեցնող որոշ դեղեր 

o       հակաալերգիկ դեղեր 

·         «ծույլ աղու» համախտանիշը. առաջանում է որոշ լուծողականների (սենադե) չարաշահումից 

·         ծերացումը 

·         Ֆունկցիոնալ խանգարումները` ֆունկցիոնալ փորկապություն, գրգռված աղու համախտանիշ 

·         դիսսիներգիկ դեֆեկացիան (աղիները գործելու համար անհրաժեշտ մկանների ոչ համաձայնեցված կծկում):

 

 Երբեմն, հատկապես երիտասարդ կանանց մոտ, էմոցիոնալ սթրեսը կարող է փորկապության և մի շարք այլ աղեստամոքսային խանգարումների պատճառ լինել:

 

 

Վտանգավո՞ր է արդյոք փորկապությունը

 

Չնայած փորկապությունը երբեմն լուրջ անհանգստություն է պատճառում մարդուն, հաճախ այն անվտանգ է և հանդիսանում է էմոցիոնալ սթրեսի, սխալ սննդակարգի և ապրելակերպի հետևանք: Սակայն եթե փորկապությունը երկար է տևում, և հիվանդը շատ ջանքեր է գործադրում աղիները գործելու ժամանակ,  կարող է զարգանալ հետանցքի ճաք և թութք, ինչպես նաև ուղիղ աղու արտանկում հետանցքից: Կան տվյալներոր երկարատև փորկապությունը բարձրացնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես օրինակ աղիների քաղցկեղի և դիվերտիկուլյոզի:

Լուծողականների չարաշահումը կարող է հանգեցնել այսպես կոչված «ծույլ աղու» համախտանիշի, երբ զարգանում է կախվածություն այդ դեղորայքից և աղիները այլևս նորմալ չեն գործում առանց դրանց:

Փորկապությունը կարող է լինել նաև վտանգավոր հիվանդությունների նշան, օրինակ աղիների քաղցկեղի:

 

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի 

 

Անհապաղ այցելեք բժշկի, եթե փորկապությունը սկսվել է հանկարծակի, ուղեկցվում է որովայնի նոպայաձև ցավերով, գազերը աղիներից դուրս բերելու դժվարությամբ, հատկապես եթե առկա են նաև սրտխառնոց և փսխում: Մ՛ի ընդունեք որևէ լուծողական:

 

Անպայման հերթագրվեք բժշկի մոտ խորհրդատվության հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում.

·         կղանքում նկատել եք արյուն

·         ունեցել եք քաշի կորուստ ավելի քան 4,5 կգ

·         փորկապությունը հաջորդել է լուծին 

·         հետանցքի շրջանում ունեք ցավեր

 ·         կղանքը մատիտի նման բարակ է

·          Ձեր տարիքը 50 տարեկան կամ ավելի բարձր է

·         փորկապությունը տևում է երեք շաբաթից երկար:

Բժշկի դիմելը ցանկալի է յուրաքանչյուր գանգատի դեպքում:

 

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում փորկապությունը կանխելու կամ թեթևացնելու համար

 

Դեպքերի մեծամասնությունում  ապրելակերպի և սննդակարգի շտկումը բավարար է լինում փորկապությունը բուժելու համար:

·         Սննդակարգ. Ձեր սննդակարգում ավելացրեք բուսական թելերով հարուստ սննդամթերքի չափաբաժինը (բանջարեղեն` հատկապես բազուկ, մրգեր, ընդեղեն, սև հաց, ամբողջական բրինձ և ամբողջական ցորենից պատրաստված մակարոններ):

·         Հեղուկներ. Աշխատեք ընդունել օրական մոտ 2լ հեղուկ: 

·         Ֆիզիկական ակտիվություն. կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը: 

·         Վարք. Մ՛ի առհամարհեք աղիները գործելու ցանկությունը և մ՛ի հետաձգեք սանհանգույց գնալը: Աղիները գործելու համար ամենահարմար ժամանակը նախաճաշին հաջորդող 30 րոպեներն են:

Մ՛ի օգտագործեք որևէ լուծողական դեղամիջոց առանց բժշկի հետ խորհրդակցելու: