Գրգռված աղու համախտանիշ

 

Գրգռված աղու համախտանիշը համարվում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ պաթոլոգիա, իսկ դա նշանակում է, որ տվյալ օրգանում չկա որև է կարուցվածքային փոփոխություն ( օրգանական ախտահարում):

 

Ի՞նչ է գրգռված աղու համախտանիշը

Որո՞նք են գրգռված աղու համախտանիշի նշանները

Որո՞նք են գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառները

Արդյո՞ք գրգռված աղու համախտանիշը վտանգավոր է

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

 

 

 

Ի՞նչ է գրգռված աղու համախտանիշը

Գրգռված աղու համախտանիշը համարվում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ պաթոլոգիա, իսկ դա նշանակում է, որ տվյալ օրգանում չկա որև է կարուցվածքային փոփոխություն ( օրգանական ախտահարում): Այն բավականին լայն տարածված հիվանդություն է, հավասարապես տարածված է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում:

Ավելի հաճախ հանդիպում է 15-65 տարեկան անձանց մոտ

Ավելի հաճախ բժշկի դիմում են 30-50 տարեկան անձիք

Ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում, քան տղամարդկանց

Ավելի քիչ դիտվում է ծեր հասակում

Որոշ դեպքերում գրգռված աղու համախտանիշ կարող է դիտվել վաղ մանկական տարիքում

Առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ դրանք ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում:

 

Հիվանդության ախտանշաններն են.

Որովայնում ցավ կամ դիսկոմֆորտ (տհաճ զգացողություն որովայնում), որը անցնում կամ թուլանում է կղազատությունից հետո, ուղեկցվող ստորև նշված երկու և ավելի ախտանիշների հետ.

Կղազատության հաճախության փոփոխություն ( օրը երեք անգամից ավել կամ շաբաթը երեք անգամից պակաս, այսինքն լուծ կամ փորկապություն, կամ լուծի և փորկապության հերթագայում)

Կղանքի ձևի փոփոխություն (գնդիկավոր, պինդ և չոր կամ չձևավորված, ջրիկ կղանք)

Կղազատությունից հետո ոչ լրիվ դատարկաման զգացում, վքնածություն, կղանքում լորձի առկայություն:

Հիվանդության ախտորոշման մասին պետք է մտածել, երբ ախտանիշները առկա լինեն վերջին երեք ամսում գումարային երեք շաբաթ և ավել:

 

Որո՞նք են գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառները

Համարվում է, որ գրգռված աղու համախտանիշի առաջացման հիմքում ընկած է աղեստամոքսային տրակտի մոտորիկայի, այսինքն` շարժողականության խանգարումը, որով էլ պայմանավորված են լուծի, փորկապության, ցավերի առաջացումը:

Համարվում է, որ գրգռված աղու համախտանիշի ժամանակ առկա է նաև զգացողության խանգարումը, իջած է զգացողության շեմը, իսկ դա նշանակում է, որ այս համախտանիշն ունեցող մարդկանց մոտ ցավի ընկալումն ավելի բարձր է, քան այս համախտանիշը չունեցող մարդկանց մոտ:

 

Կարևոր դեր ունեն նաև պացիենտի հոգեբանական առանձնահատկությունները: Գրգռված աղու համախտանիշով հիվանդների 15-50% է միայն դիմում բժշկի և նրանց մոտ ի համեմատ առողջ մարդկանց կամ գրգռված աղու համախտանիշով տառապող, բայց բժշկի չդիմող հիվանդների, ավելի հաճախ է հայտնաբերվում դեպրեսիա, դյուրագրգռություն, վախի, տագնապի առկայություն, փսիխոսոմատիկ խանգարումներ:

Այս խանգարումները չեն հանդիսանում գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառ, սակայն զգալի ազդում են ախտանիշների երկարատև պահպանման վրա, նպաստում են հիվանդի կողմից ցավային զգացողության սուր ընկալմանը, հետևաբար զգալիորեն վատացնում են կյանքի որակը: Այս հիվանդները սովորաբար բազմիցս դիմում են տարբեր բժիշկների օգնությանը:

Այսպիսի հիվանդների վարումը ցանկալի է հոգեթերապևտների հետ համատեղ:

 

Արդյո՞ք գրգռված աղու համախտանիշը վտանգավոր է

Գրգռված աղու համախտանիշը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն այն կարող է զգալիորեն վատացնել կյանքի որակը:

 

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի

 

Անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե կան ստորև նշված ախտանշանները, քանի որ դրանք հանդիսանում են այլ հիվանդությունների արտահայտություն.

Կղանքում նկատվում է արյան կամ թարախի առկայություն

Քաշի անկում ավելի քան 4-5 կգ

Տարիքը 50-ից բարձր

Ջերմության բարձրացում

Լուծը, փորկապությունը և վքնածությունը առաջացել են հանկարծակի, ուղեկցվում են գազերի դուրս բերման դժվարացմամբ

Ցավեր, լուծ, որոնց պատճառով հիվանդը գիշերն արթնանում է

Ցավեր, լուծ, վքնածություն, որոց առաջացումը կապված է որոշակի սննդամթերքների օգտագործման հետ /կաթ և կաթնամթերք, ցորենի ալյուրից պատրաստված հաց, խմորեղեն, մակարոն և այն/:

Ցանկացած գանգատի առկայության դեպքում բժշկի դիմելը ցանկալի է` ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալու համար:

 

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

 

Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը և ապրելակերպը:

Եթե գերակշռող գանգատը փորկապությունն է, ապա

Անպայման պետք է կարգավորել հեղուկի քանակը, օրական ընդունվող հեղուկի քանակը պետք է լինի 2լ-ից ոչ պակաս, ընդ որում սուրճը և թեյը նպաստում են փորկապության առաջացմանը:

Պետք է սննդում ավելացնել բջջանյութի քանակը ( միրգ, բանջարեղեն, սև հաց և այն):

Պետք է կարգավորել ֆիզիկական ակտիվությունը, որը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը:

 

Եթե գերակշռող գանգատը լուծն է, ապա

Պետք է սահմանափակել ճարպոտ, պահածոյացված սնունդը, բջջանյութով հարուստ մթերքները (միրգ, բանջարեղեն, սև հաց):

 

Եթե առկա է վքնածություն, ապա

Անհրաժեշտ է խուսափել այնպիսի մթերքների օգտագործումից, որոնք նպաստում են հավելյալ գազերի առաջացմանը (լոբազգիներ, ընդեղեն, կաղամբ, սև հաց, կառալյոկ, տանձ, գազավորված ըմպելիքներ, ճարպոտ սնունդ):

Դեղամիջոցների ընդունումը անհրաժեշտ է կատարել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: