Վքնածություն

Ի՞նչ է վքնածությունը

Որո՞նք են վքնածության պատճառները, և վտանգավո՞ր է այն արդյոք

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Ի՞նչ կարելի է ձեռնարկել վքնածությունը թուլացնելու համար

Ի՞նչ է վքնածությունը

Վքնածությունը մի վիճակ է, երբ մարդ ունենում է որովայնի գազերով խիստ լցվածության զգացում, գազերը բաց թողնելու հաճախակի ցանկություն: Այն կարող է ուղեկցվել գղտոցով (գազի շեշտակի դուրս բերումն է բերանից), ինչպես նաև որովայնի չափերի իրական, տեսանելի մեծացումով:

Որո՞նք են վքնածության պատճառները, և վտանգավո՞ր է այն արդյոք

Վքնածության զգացումն առաջանում է ստամոքսում և/կամ աղիներում գազի մեծ քանակի կուտակման ժամանակ: Դրա պատճառները խիստ բազմազան են: Նախ և առաջ, որոշակի սննդի օգտագործումը կարող է առաջացնել վքնածություն նույնիսկ առողջ մարդու մոտ, օրինակ՝ կաղամբը, ծաղկակաղամբը, լոբազգիները:

Ընդհանրապես, միրգն ու բանջարեղենը պարունակում են բուսական բջջանք, որը չի մարսվում մեր մարսողական հյութերով, այլ քայքայվում է աղիների բակտերիաների կողմից, և դրա արդյունքում առաջանում է գազ: Սա նորմալ գործընթաց է, որը կարող է ավելի ինտենսիվ լինել թե՛այդ սննդի մեծ քանակի օգտագործումից և թե՛ աղիների բակտերիաների քանակի կամ որակի փոփոխությունից: Աղիներում գազի քանակն ավելանում է նաև սնունդ ընդունելու ժամանակ մեծ քանակով օդ կուլ տալուց: Վերջինիս նպաստում է սննդի ոչ լիարժեք, արագ ծամելը, սնվելու ժամանակ շատ խոսելը, խմիչքը ձողիկով ըմպելը, ծխելը:

Գազեր շատ են առաջանում նաև այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որը պարունակում է պոլիոլներ՝ մալտիտոլ, սորբիտոլ, քսիլիտոլ, իզոմալտ. դրանք օգտագործվում են որպես քաղցրացնող շաքարի փոխարինիչներ ծամոնի, կոնֆետների, խմորեղենի, ատամի մածուկի, սառցաշաքարի և այլնի արտադրությունում:

Հարկ է նշել, որ որոշ դեղորայք կարող է առաջացնել վքնածություն որպես կողմնակի ազդեցություն: Կանանց մոտ հաճախ դաշտանային ցիկլի և հղիության ժամանակ դիտվող հորմոնալ փոփոխությունները նպաստում են ավելցուկային գազերի կուտակմանը:

Այլ պատճառներից են՝

  • կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս, գաստրիտ, խոցային հիվանդություն
  • լեղաքարային հիվանդություն
  • լյարդի հիվանդություններ
  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ՝ խրոնիկական պանկրեատիտ
  • բարակ աղիների հիվանդություններ՝ ինֆեկցիաներ, տարբեր սննդանյութերի մարսողության ժառանգական կամ ձեռքբերովի խանգարումներ (գլյուտենային էնտերոպաթիա, լակտազային անբավարարություն), Կրոնի հիվանդություն, բարակ աղիներում բակտերիալ գերաճ
  • հաստ աղու հիվանդություններ՝ խոցային կոլիտ, թութք
  • սիրտանոթային հիվանդություններ՝ առիթմիաներ, սրտային անբավարարություն
  • շաքարային դիաբետ
  • ուռուցքներ, օրինակ՝ ձվարանի
  • ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիոնալ հիվանդություններ:

Վերջիններս բավականին հաճախ հանդիպող վիճակների խումբ են կազմում: Ֆունկցիոնալ ենք անվանում այն հիվանդությունները, որոնց ժամանակ օրգաններում որևէ տեսանելի փոփոխություն (ինչպես օրինակ բորբոքում, խոց, ուռուցք) չի հայտնաբերվում, սակայն առկա է ֆունկցիայի խանգարում: Վքնածությունը կարող է լինել այս խմբի տարածված մի հիվանդության ժամանակ, որը կոչվում է գրգռված աղու համախտանիշ, ինչպես նաև հանդիպել որպես առանձին, միակ գանգատ, որն էլ կոչվում է հենց այդպես՝ ֆունկցիոնալ վքնածություն: Այս խանգարումների պատճառը անհայտ է, երբեմն կապված է լինում հոգեբանական խնդիրների հետ, և դրանց շտկումը շատ բարդ և ժամանակատար գործընթաց է:

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Եթե Ձեզ անհանգստացնում է վքնածությունը, հարկ է դիմել բժշկի, ով հաշվի կառնի Ձեր առողջության մյուս ցուցանիշները և կկատարի անհրաժեշտ հետազոտութունները՝ ախտորոշումը ճշտելու համար: Նախ հարկ է պարզել, արդյոք վքնածությունը միայն սուբյեկտիվ զգացում է, թե որովայնի չափն իրականում մեծացել է: Որովայնի իրական մեծացման պատճառները կարող են լինել ճարպակալումը, հղիությունը, որովայնի կամ կոնքի որևէ օրգանների ուռուցքը՝ բարորակ կամ չարորակ, որովայնի խոռոչում կուտակված հեղուկը՝ լյարդի, սրտի, երիկամների կամ այլ հիվանդությունների հետևանքով, ինչպես նաև մեծ քանակով գազերի կուտակումը:

Անհապաղ դիմեք բժշկական օգնության...

... եթե վքնածությունն առաջացել է արագ՝ ժամերի ընթացքում, ուղեկցվում է որովայնի ցավերով, փսխումով, փորկապությամբ ու գազեր բաց թողնելու անհնարությամբ կամ էլ լուծով

... եթե կղանքի հետ արյուն եք նկատել

... եթե փսխման ժամանակ արյուն կամ սրճագույն զանգված եք նկատել

Ի՞նչ կարելի է ձեռնարկել վքնածությունը թուլացնելու համար

Եթե ունեք այս գանգատը, ապա բացի հիմնական հիվանդության բուժումից, Դուք պետք է ուշադրություն դարձնեք ոչ միայն Ձեր սննդային սովորություններին, այլև ընդհանուր կենսակերպին.

  • մի՛ ծխեք
  • նվազեցրեք այն սննդի օգտագործումը, որից շատ գազեր են կուտակվում՝ կաղամբ, ծաղկակաղամբ, լոբազգիներ, սև կամ հավելումներով հաց, մյուսլի, խնձոր, տանձ
  • խուսափեք գազավորված ըմպելիքներից
  • նվազեցրեք կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը
  • նվազեցրեք պոլիոլ պարունակող սննդի օգտագործումը (պոլիոլների մասին տե՛ս վերևում)
  • նվազեցրեք կենդանական ճարպերով հարուստ, տապակած, յուղոտ կերակրի օգտագործումը
  • ամեն անգամ փոքր քանակով սնունդ ընդունեք
  • մի՛ շտապեք սնվելիս, դանդաղ և մանրակրկիտ ծամեք ուտելիքը
  • հետևեք Ձեր մարմնի քաշին. ազատվեք ավելորդ քաշից և ձգտեք հասնել Ձեզ համար իդեալական մարմնի զանգվածին: