Խոցային հիվանդություն

Խոցը մաշկի կամ լորձաթաղանթի բաց վերքն է: Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերը միավորում են «խոցային հիվանդություն» անվան տակ` հաշվի առնելով նրանց առաջացման մեխանիզմների և բուժման նմանությունները:

 

 

Ինչու՞ են առաջանում խոցերը

Ինչպե՞ս է դրսևորվում խոցային հիվանդությունը

Ի՞նչ է ոչ խոցային կամ ֆունկցիոնալ դիսպեպսիան

Վտանգավո՞ր է արդյոք խոցային հիվանդությունը

Ե՞րբ դիմել բժշկի

Ինչպե՞ս է ախտորոշվում խոցային հիվանդությունը

Ինչպե՞ս է բուժվում խոցային հիվանդությունը

Ինչպիսի՞ սննդակարգի է անհրաժեշտ հետևել խոցային հիվանդության ժամանակ

 

 

Խոցը մաշկի կամ լորձաթաղանթի բաց վերքն է: Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերը միավորում են «խոցային հիվանդություն» անվան տակ` հաշվի առնելով նրանց առաջացման մեխանիզմների և բուժման նմանությունները:

Սովորաբար լորձի շերտը պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը մարսողական հյութի քայքայիչ ազդեցությունից: Երբ այդ հավասարակշռությունը պաշտպանիչ և վնասող գործոնների միջև խախտվում է, առաջանում է լորձաթաղանթի վնասում` բորբոքում, էռոզիա (մակերեսային խոց) կամ խոց:

 

Ինչու՞ են առաջանում խոցերը

 

Ստամոքսում և տասներկումատնյա աղում խոցերի առաջացման ամենահաճախ պատճառը Helicobacter pylori կոչվող միկրոբն է: Այն պատասխանատու է խոցերի 80-90% առաջացման համար: Սակայն վարակվածների ընդամենը 10-15%-ի մոտ է միայն առաջանում խոց: Խոցի առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, ծխախոտը, ալկոհոլը, սթրեսը:

 

Երկրորդ ամենատարածված պատճառը ցավազրկող դեղորայքի օգտագործումն է, այսպես կոչված "ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ": Այս խմբին են պատկանում ասպիրինը, կարդիոասպիրինը, իբուպրոֆենը, դիկլոֆենակը, նապրոքսենը և այլ ցավազրկողներ: Այս դեղորայքն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների, հոդացավերի (արթրիտների), գլխացավերի, կանանց պարբերական ցավերի և այլ հիվանդությունների ժամանակ: Նման դեղորայքով երկարատև բուժում սկսելուց առաջ անպայման անհրաժեշտ է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ:

 

Խոցի առաջացման պատճառ կարող են լինել նաև այլ դեղեր, օրինակ օստեոպորոզի ժամանակ օգտագործվող բիսֆոսֆոնատներ կոչվող խմբի դեղերը::

 

Ծանր հիվանդություն ունեցող մարդկանց մոտ ևս կարող են առաջանալ խոցեր, օրինակ՝ խրոնիկ թոքային հիվանդության ժամանակ, ծանր վնասվածքներից կամ այրվածքներից հետո:

 

Որոշ դեպքերում խոցի պատճառը ստամոքսի ուռուցքն է:

 

Հազվադեպ խոցը կարող է լինել այլ հիվանդության դրսևորում, օրինակ.

  • Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ. Ուռուցք, որն արտադրում է գաստրին կոչվող նյութը, որը ուժեղացնում է ստամոքսում թթվի արտադրությունը և հանգեցնում խոցերի առաջացման:
  • Կրոնի հիվանդություն. Անհայտ ծագման հիվանդություն է, որի ժամանակ մարսողական ուղու տարբեր հատվածներում կարող են առաջանալ բորբոքում և խոցեր:

 

Ինչպե՞ս է դրսևորվում խոցային հիվանդությունը

 

Խոցային հիվանդությունը կարող է տարբեր ձևով արտահայտվել տարբեր մարդկանց մոտ: Որոշ հիվանդներ կարող են նույնիսկ որևէ գանգատ չունենալ՝ մինչև բարդությունների զարգանալը:

 

Ցավը խոցային հիվանդության հիմնական ախտանիշն է: Այն կարող է տեղակայված լինել պորտից մինչև կրծոսկր ընկած ցանկացած հատվածում: Ցավը հաճախ ուժեղանում է գիշերային ժամերին, քաղցած ժամանակ և թեթևանում է սնունդ ընդունելուց հետո: Ցավը կարող է ուժեղանալ նաև սնունդ ընդունելուց կամ հատկապես որոշակի սնունդ ընդունելուց հետո (օր. թթու, կծու, ծխեցված և առատ համեմված) և հանգստանալ կաթից կամ ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայք ընդունելուց հետո:

 

Խոցային հիվանդության այլ դրսևորումներից են որովայնի շրջանում դիսկոմֆորտի (ոչ ցավային տհաճ զգացողություն) զգացումը, վքնածությունը, փորկապությունը, ախորժակի վատացումը:

 

Ավելի հազվադեպ բուժման բացակայության պայմաններում խոցային հիվանդությունը կարող է հանգեցնել ավելի ծանր ախտանիշների.

  • Արյունով փսխում. արյունը կարող է լինել ինչպես թարմ, կարմիր, այնպես էլ սուրճի նստվածք հիշեցնող
  • Մուգ ձութանման կղանք 
  • Սրտխառնոց և փսխում 
  • Քաշի կորուստ 
  • Ախորժակի փոփոխություններ. զզվանք որոշակի սննդից, օրինակ մսից:

Նման դեպքերում ահրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

 

 

Ի՞նչ է ոչ խոցային կամ ֆունկցիոնալ դիսպեպսիան

Հարկ է նշել, որ վերը նշյալ գանգատներն ունեցող մարդկանց մեծ մասը չունի խոցային կամ որևէ այլ հիվանդություն: Ախտանիշները կարող են լինել էմոցիոնալ լարվածության կամ „ստամոքսի գերզգայունության" հետևանք: Նման դեպքերում խոսում ենք այսպես կոչված ֆունկցիոնալ դիսպեպսիայի (թերմարսության) մասին. դա մարսողության խանգարումն է առանց որևէ օրգանական պատճառի: Ֆունկցիոնալ դիսպեպսիան չնայած կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդուն, սակայն անվտանգ է նրա կյանքի համար:

 

Վտանգավո՞ր է արդյոք խոցային հիվանդությունը

 

Խոցային հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ, որոնք վտանգավոր են կյանքի համար.

  • Արյունահոսություն. Քանի որ խոցը լորձաթաղանթի վերք է, այն կարող է արյունահոսել: Արյունահոսությունը կարող է դրսևորվել ընդհանուր թուլությամբ, գլխապտույտով, գունատությամբ, ձութանման կղանքով, փսխման զանգվածում արյան կամ սուրճի նստվածք հիշեցնող նյութի առկայությամբ: Նման գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
  • Թափածակում. Խոցը կարող է խորանալ և հանգեցնել ստամոքսի կամ աղու պատի թափածակման: Ստամոքսի և աղու պարունակությունը անցնում է որովայնի խոռոչ և առաջացնում բորբոքում (պերիտոնիտ): Թափածակման ժամանակ լինում է դաշույնի հարված հիշեցնող ուժեղ ցավ:
  • Սպի. Խոցի լավացումից հետո կարող է առաջանալ սպի: Խոցի կրկնման դեպքում սպին կարող է մեծանալ և նեղացնել լուսանցքը, ինչը խանգարում է սննդի անցումը մարսողական ուղով: Այս դեպքում կարող են լինել սրտխառնոց և փսխում:

Բարդություններից կարելի է խուսափել ժամանակին բուժման միջոցով:

 

Ե՞րբ դիմել բժշկի

 

Բժշկի անհրաժեշտ է դիմել ցանկացած գանգատի դեպքում, սակայն եթե Դուք ունեք հետևյալ գանգատներից որևէ մեկը, դիմեք բժշկի անհապաղ կամ զանգահարեք շտապ օգնություն.

  • Ցավի բնույթի կտրուկ փոփոխություն կամ ուժգնացում
  • Փսխում արյունով կամ սուրճի նստվածք հիշեցնող նյութով
  • Արյան առկայություն կղանքում կամ ձութանման կղանք:
  • Ընդհանուր թուլության, գլխապտույտի, սրտխփոցի, գունատության արագ զարգացում

 

Ինչպե՞ս է ախտորոշվում խոցային հիվանդությունը

 

Խոցային հիվանդության ախտորոշման ամենաինֆորմատիվ մեթոդը գաստրոսկոպիան է: Դա կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու հետազոտումն է ներսից, հատուկ ճկուն զոնդի միջոցով: Զոնդի ծայրին կա տեսախցիկ, որի միջոցով բժիշկը կարող է մանրակրկիտ ուսումնասիրել կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը վերցնում է լորձաթաղանթից մի փոքր կտոր, որը հետագայում ուսումնասիրվում է մանրադիտակով կամ այնտեղ որոշվում է Helicobacter pylori-ի առկայությունը: Հետազոտությունը տևում է րոպեներ:

Մարսողական ուղու հետազոտման եղանակներից է նաև ռենտգեն քննությունը, երբ հիվանդը խմում է հատուկ սպիտակ հեղուկ, որը պարունակում է բարիում, այնուհետև կատարվում է ռենտգեն հետազոտությունը: Սակայն այս մեթոդը քիչ ինֆորմատիվ է և գրեթե չի կիրառվում խոցերի ախտորոշման համար:

 

Ինչպե՞ս է բուժվում խոցային հիվանդությունը 

 

Նախկինում խոցային հիվանդությունը իրենից լուրջ խնդիր էր ներկայացնում. հաճախ զարգանում էին բարդություններ և հիվանդները վիրահատության կարիք էին ունենում: Սակայն այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ խոցային հիվանդության պատճառը Helicobacter pylori վարակն է, հիվանդությունը հաջողությամբ բուժվում է 10-14 օրվա ընթացքում:

Այս հայտնագործությունը 2005թ արժանացավ Նոբելյան Մրցանակի:

 

Քանի որ խոցային հիվանդությունը վարակային (ինֆեկցիոն) հիվանդություն է, նրա բուժման համար անհրաժեշտ է ոչնչացնել Helicobacter pylori-ն: Helicobacter pylori վարակի բուժման համար մշակվել են մի քանի սխեմաներ, որոնք ներառում են երկու տարբեր անտիբիոտիկ և ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայք: Հիվանդությունն ախտորոշելուց հետո բժիշկը կընտրի Ձեզ համար առավել համապատասխան բուժման սխեման:

 

Եթե խոցի պատճառը Helicobacter pylori վարակը չէ, բուժումը կախված է Ձեր կոնկրետ իրավիճակից: Ցավազրկողների և ծխախոտի օգտագործումը կարող է իջեցնել բուժման արդյունավետությունը:

 

Ինչպիսի՞ սննդակարգի է անհրաժեշտ հետևել խոցային հիվանդության ժամանակ

 

Անհրաժեշտ է խուսափել թթու, ծխեցրած, շատ կծու, առատ համեմված սննդից և ծխախոտից: Ալկոհոլի օգտագործումը սահմանափակել (ոչ ավել քան 50գ օղի/կոնյակ կամ մեկ գավաթ գինի/գարեջուր օրական), իսկ բուժման ընթացքում ընդհանրապես դադարեցնել:

 

Հետևե'ք առողջ սննդակարգի և ապրելակերպի ընդհանուր կանոններին:

 

Եթե ունեք որևէ գանգատ, ապա մի՛ օգտագործեք դեղորայք կամ բուսական միջոցներ ինքնուրույն, առանց բժշկի խորհրդի. Դուք կարող եք վնասել Ձեր առողջությանը: Դիմե'ք բժշկի, ով հետազոտելուց հետո կնշանակի Ձեզ համապատասխան բուժում: