Դեղնուկ

 

Ի՞նչ է դեղնուկը

 

Որո՞նք են դեղնուկի պատճառները և որքանո՞վ է այն վտանգավոր

 

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

 

 

 

Ի՞նչ է դեղնուկը

 

 

Դեղնուկն այն վիճակն է, երբ մաշկը,  աչքի սպիտակուցներն ու տեսանելի լորձաթաղանթները ձեռք են բերում դեղին գունավորում:

 

 

 

Որո՞նք են դեղնուկի պատճառները և որքանո՞վ է այն վտանգավոր

 

 

Դեղնուկը պայմանավորված է արյան մեջ բիլիռուբին կոչվող գունանյութի քանակի բարձրացումով: Մաշկը կարող է դեղնել նաև կարոտին պարունակող որոշ սննդամթերքի մեծ քանակի օգտագործումից (գազար, ցիտրուսներ, դեղձ). դա կապված չէ արյան բիլիռուբինի մակարդակի հետ և բացարձակ բարորակ բնույթ է կրում: Պատճառն այն է, որ կարոտին նյութը դեղին գույն է հաղորդում մթերքին և դրանց մեծ քանակի օգտագործումից՝ նաև մաշկին, հիմնականում՝ ձեռքերի ափերին ու ոտքերի ներբաններին, դեմքի քիթ-շրթունքային ծալքերին, իսկ աչքի սպիտակուցները երբեք գույնը չեն փոխում:

 

Նորմայում բիլիռուբինը արյան մեջ առաջանում է արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների քայքայումից, այնուհետև լյարդում որոշակի փոփոխությունների է ենթարկվում, որից հետո անցնում է լեղու հետ դեպի աղիներ: Նշված ճանապարհին որևէ մեկ օղակում խանգարումը կբարձրացնի բիլիռուբինի քանակն արյան մեջ և կառաջացնի դեղնուկ: Որոշ խանգարումների դեպքում բիլիռուբինը կհայտնվի նաև մեզում, որից այն մուգ գունավորում կստանա:

 

Առաջին օղակն էրիթրոցիտների ավելացած քայքայումն է՝ հեմոլիզը, որը կարող է լինել տարբեր դեղորայքի, թույների ազդեցությունից, կամ էլ ոչ լիարժեք էրիթրոցիտների ստեղծման պայմաններում (մանգաղաձև-բջջային անեմիա): Այս տիպի դեղնուկի ժամանակ մեզը չի մգանում, քանի որ մեզում բիլիռուբին չի հայտնվում:

 

Երկրորդ օղակը լյարդում բիլիռուբինի ձևափոխությունն է, որը կարող է տուժել, օրինակ, որոշ ժառանգական դեֆեկտներից, որոնք ազդում են այդ ձևափոխությանը մասնակցող այս կամ այն ֆերմենտի վրա, սակայն լյարդի որևէ այլ ֆունկցիա փոխված չէ: Կախված նրանից, թե որ ֆերմենտն է ժառանգականորեն անլիարժեք, տարբերում են այսպիսի խանգարումների մի քանի տեսակ (Ժիլբերի, Կրիգլեր-Նայարի, Դաբին-Ջոնսոնի, Ռոտորի համախտանիշներ): Մեծահասակների մոտ սրանք համարվում են բարորակ ժառանգական հիպերբիլիռուբինեմիաներ:

 

Դեղնուկը լյարդային տարբեր հիվանդությունների դրսևորումը կարող է լինել՝ սուր և խրոնիկական վիրուսային հեպատիտների, լյարդի դեղորայքային վնասման, ալկոհոլային հեպատիտի, աուտոիմուն հեպատիտի, տարբեր պատճառներով առաջացած լյարդի ցիռոզի, առաջնային սկլերոզացնող խոլանգիտի, առաջնային բիլիար ցիռոզի, և այլն: Այս դեպքերում լինում են նաև լյարդի այլ ֆունկցիայի խանգարումներ, որոնք հայտնաբերվում են համապատասխան հետազոտություններով: Լյարդային դեղնուկների ժամանակ մեզը կարող է մգանալ՝ բիլիռուբինով պայմանավորված: Լյարդի ախտահարումով պայմանավորված դեղնուկ կարող է լինել նաև հղիության ժամանակ. այն կարող է կրել բարորակ բնույթ և վերանալ ծննդաբերությունից հետո կամ էլ ավելի լուրջ հիվանդության նշան լինել (HELLP համախտանիշ):

 

Վերջապես, երրորդ օղակում, այսինքն՝ լեղածորաններով աղիներ անցնելու ճանապարհին որևէ արգելքը կարող է հանգեցնել բիլիռուբինի անցմանը արյան, այնուհետև մեզի մեջ (այսինքն մեզը մգանում է), իսկ աղիների պարունակությունը բիլիռուբինից զրկվելով կորցնում է նաև իր մուգ գույնը. կղանքը ստանում է կավանման տեսք: Այս դեղնուկների ամենահաճախ պատճառը լեղապարկի կամ լեղածորանի քարերն են, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիքի կամ այլ ուռուցքները, երբեմն ճիճվակրության դեպքում ասկարիդը կարող է նույնպես խցանել լեղու հոսքը: Այսպիսի դեղնուկների ժամանակ կարող է դիտվել նաև մաշկի քոր:

 

 

 

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

 

 

Եթե Ձեզ մոտ նկատվել է մաշկի կամ աչքերի դեղնություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի, նույնիսկ եթե այլ գանգատներ չունեք, քանի որ այն կարող է լինել լուրջ հիվանդության նշան: Ցավոք, լյարդի հիվանդությունները կարող են բավականին երկար ժամանակ որևէ գանգատ չառաջացնել, և դրանք կարելի է հաստատել միայն մանրակրկիտ հետազոտությամբ:

 

 

Անհապաղ դիմեք բժշկական օգնության…

 

… եթե դեղնուկը սուր է սկսվել, ուղեկցվում է արտահայտված թուլությամբ, սրտխփոցով, գլխապտույտով

 

... եթե դեղնուկի հետ մեկտեղ առաջացել են ցավեր որովայնում, մեզի գույնը մգացել է, իսկ կղանքինը՝ սպիտակել:

 

Դեղնուկի ժամանակ բժշկական հետազոտությամբ առաջին հերթին պարզվում է, թե արդյոք այն իսկապես բիլիռուբինի բարձր մակարդակով է պայմանավորված, և եթե այո, ապա նշված ցանկից հատկապես որ հիվանդությունը կամ բարորակ ժառանգական դեֆեկտն է դրա պատճառը: