Փորկապություն

Փորկապությունը բավականին տարածված խնդիր է, որով, որոշ տվյալների համաձայն, տառապում է հասարակության 15%-ը: Սակայն ցավոք հիվանդների մեծ մասը չի դիմում բժշկի:

Կղազատման հաճախությունը լայնորեն տատանվում է տարբեր մարդկանց մոտ,  սակայն եթե աղիները չեն գործում երեք օրից ավել, կղանքային զանգվածները դառնում են պինդ և չոր, ինչն ավելի է դժվարեցնում աղիների գործելը: Նման դեպքերում գործ ունենք փորկապության հետ:

Ո՞րոնք են փորկապության պատճառները

  • Սննդակարգում բուսական թելերի ցածր պարունակությունը (բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը)
  • ոչ բավարար քանակությամբ հեղուկներ ընդունելը
  • ֆիզիկական ակտիվության պակասը
  • սանհանգույց գնալու հետաձգումը, երբ առկա է աղիները գործելու կանչ
  • սովորական ապրելակերպի փոփոխությունները (օր. ճանապարհորդություններ)
  • հղիությունը
  • հոգեբանական խնդիրները և հոգեկան հիվանդությունները` դեպրեսիա, տագնապ և այլն
  • նյարդաբանական հիվանդությունները (պարկինսոնիզմ և այլն)
  • ուղիղ աղու հիվանդությունները (թութք, ճաք, ուռուցք և այլն)
  • աղեստամոքսային ուղու հիվանդությունները (բնածին արատներ, ուռուցք, դիվերտիկուլյոզ, խոցային հիվանդություն և այլն)
  • նյութափոխանակության և հորմոնային խանգարումները (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, երիկամային անբավարարություն)
  • համակարգային հիվանդությունները  (այս խմբի հիվանդություններն ախտահարում են միաժամանակ մի շարք օրգաններ, օր. սկլերոդերմիա, ամիլոիդոզ)
  • ջրաաղային փոխանակության խանգարումները (օր. ծանր լուծից հետո)
  • որոշ դեղորայքի օգտագործումը
    • հակադեպրեսանտներ և այլ հոգեմետ դեղեր
    • որոշ ցավազրկողներ
    • հակացնցումային դեղեր
    • զարկերակային ճնշումն իջեցնող դեղեր
    • ստամոքսի թթվայնությունն իջեցնող որոշ դեղեր
    • հակաալերգիկ դեղեր
  • "ծույլ աղու" համախտանիշը. առաջանում է որոշ լուծողականների (սենադե) չարաշահումից
  • ծերացումը
  • Ֆունկցիոնալ խանգարումները` ֆունկցիոնալ փորկապություն, գրգռված աղու համախտանիշ
  • դիսսիներգիկ դեֆեկացիան(աղիները գործելու համար անհրաժեշտ մկանների ոչ համաձայնեցված կծկում:

 Երբեմն, հատկապես երիտասարդ կանանց մոտ, էմոցիոնալ սթրեսը կարող է փորկապության և մի շարք այլ աղեստամոքսային խանգարումների պատճառ լինել:

Վտանգավո՞ր է արդյոք փորկապությունը

Չնայած փորկապությունը երբեմն լուրջ անհանգստություն է պատճառում մարդուն, հաճախ այն անվտանգ է և հանդիսանում է էմոցիոնալ սթրեսի, սխալ սննդակարգի և ապրելակերպի հետևանք: Սակայն եթե փորկապությունը երկար է տևում, և հիվանդը շատ ջանքեր է գործադրում աղիները գործելու ժամանակ,  կարող է զարգանալ հետանցքի ճաք և թութք, ինչպես նաև ուղիղ աղու արտանկում հետանցքից: Կան տվյալներ, որ երկարատև փորկապությունը բարձրացնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես օրինակ աղիների քաղցկեղի և դիվերտիկուլյոզի:

Լուծողականների չարաշահումը կարող է հանգեցնել այսպես կոչված «ծույլ աղու» համախտանիշի, երբ զարգանում է կախվածություն այդ դեղորայքի հանդեպ և աղիները այլևս նորմալ չեն գործում առանց դրանց:

Փորկապությունը կարող է լինել նաև վտանգավոր հիվանդությունների նշան, օրինակ աղիների քաղցկեղի:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Անհապաղ այցելեք բժշկի, եթե փորկապությունը սկսվել է հանկարծակի, ուղեկցվում է որովայնի նոպայաձև ցավերով, գազերը աղիներից դուրս բերելու դժվարությամբ, հատկապես եթե առկա են նաև սրտխառնոց և փսխում: Մ՛ի ընդունեք որևէ լուծողական:

Անպայման հերթագրվեք բժշկի մոտ խորհրդատվության հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում.

  • կղանքում նկատել եք արյուն
  • ունեցել եք քաշի կորուստ ավելի քան 4,5 կգ
  • փորկապությունը հաջորդել է լուծին 
  • հետանցքի շրջանում ունեք ցավեր
  • կղանքը մատիտի նման բարակ է
  • Ձեր տարիքը 50տարեկան կամ ավելի բարձր է
  • փորկապությունը տևում է երեք շաբաթից երկար:

Բժշկի դիմելը ցանկալի է յուրաքանչյուր գանգատի դեպքում:

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում փորկապությունը կանխելու կամ թեթևացնելու համար

Դեպքերի մեծամասնությունում  ապրելակերպի և սննդակարգի շտկումը բավարար է լինում փորկապությունը բուժելու համար:

  • Սննդակարգ. Ձեր սննդակարգում ավելացրեք բուսական թելերով հարուստ սննդամթերքի չափաբաժինը (բանջարեղեն` հատկապես բազուկ, մրգեր, ընդեղեն, սև հաց, ամբողջական բրինձ և ամբողջական ցորենից պատրաստված մակարոններ):
  • Հեղուկներ. Աշխատեք ընդունել օրական մոտ 2լ հեղուկ:
  • Ֆիզիկական ակտիվություն. կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը: 
  • Վարք. Մ՛ի առհամարհեք աղիները գործելու ցանկությունը և մ՛ի հետաձգեք սանհանգույց գնալը: Աղիները գործելու համար ամենահարմար ժամանակը նախաճաշին հաջորդող 30 րոպեներն են:

Մ՛ի օգտագործեք որևէ լուծողական դեղամիջոց առանց բժշկի հետ խորհրդակցելու: