Վիրուսային հեպատիտ

Ամեն տարի մեկ միլիոն մարդ է մահանում խրոնիկ վիրուսային հեպատիտից. այն լյարդի ցիռոզի և քաղցկեղի ամենահաճախակի պատճառն է, որոնք էլ արդեն հանգեցնում են մահվան: Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն խրոնիկ հեպատիտ B կամ C վարակ: Նրանց մեծ մասը չգիտի, որ վարակված է:

Ինչպե՞ս կարող եմ ես վարակվել

Ինչպե՞ս իմանալ, վարակվել եմ արդյոք ես հեպատիտ B կամ C

Ինչպե՞ս կարող եմ ես պաշտպանվել վարակվելուց

Ի՞նչ է տեղի ունենում վարակվելուց հետո

Իսկ եթե ես վարակված եմ հեպատիտ B կամ C. կա՞ արդյոք բուժում

Կարճ ամփոփում

Ինչպե՞ս կարող եմ ես վարակվել

Այս վիրուսները կարող են փոխանցվել հետևյալ ճանապարհներով՝ արյան հետ շփում, սեռական, և վարակված մորից երեխային հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Մարդկանց որոշ խմբերն ավելի հակված են հեպատիտով վարակվել, քան մյուսները, և նման «ռիսկի խմբերի» անհատներին խորհուրդ է տրվում հետազոտվել հեպատիտ B վերաբերյալ.

  • հեպատիտ B վարակակրի հետ նույն տանն ապրող անձիք
  • հեպատիտ B վարակակրի սեռական զուգընկերներ
  • բուժաշխատողներ
  • ՄԻԱՎ վարակակիրներ
  • հեպատիտ C վարակակիրներ
  • տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ
  • դիալիզ ստացող հիվանդներ
  • իմունաճնշիչ դեղորայք ստացող հիվանդներ, օրինակ՝ օրգանների փոխպատվաստումից հետո, չարորակ նորագոյացությունների ժամանակ
  • հղիներ
  • մարդիկ, ում մոտ հայտնաբերվել է արյան մեջ լյարդային ֆերմենտների բարձր մակարդակ (AST, ALT)
  • այնպիսի երկրների բնակիչներ, որտեղ հեպատիտ B վարակը շատ է տարածված, օրինակ՝ Ասիայի, Աֆրիկայի երկրների մեծ մասի:

Հեպատիտ C համար նման ռիսկի խմբեր առանձնացված չեն: Ընդհանուր առմամբ, ռիսկային գործողություններից են՝ արյան փոխներարկումը, դիալիզը, ատամնաբուժական միջամտությունները, վիրահատությունը, պիրսինգը, դաջվածքը (տատու), ուրիշների հետ միևնույն ասեղների կամ ներարկիչների օգտագործումը, նույնիսկ մանիկյուրը, պեդիկյուրը,սափրումը, եթե օգտագործվում են ոչ պատշաճ ախտահանված գործիքներ:

Այսինքն, նույնիսկ եթե դուք կարծում եք, թե Ձեր վարակման վտանգը քիչ է, քանի որ ներերակային թմրամոլ չեք և սեռական անպաշտպան պատահական կապեր չեք ունենում, դուք միևնույնն է կարող եք վարակվել կամ վարակված լինել հեպատիտ B կամ C-ով:

Ինչպե՞ս իմանալ, վարակվել եմ արդյոք ես հեպատիտ B կամ C

Սուր հեպատիտ B կամ C դեպքում կարող են ի հայտ գալ հիվանդության նշանները՝ թուլություն, տենդ, սրտխառնոց, փսխում, մաշկի և աչքերի դեղնություն, սակայն խրոնիկ հեպատիտ B և C դեպքում հիմնականում հիվանդությունը որևէ կերպով չի արտահայտվում երկար տարիների ընթացքում, մինչև լյարդի լուրջ ախտահարման զարգանալը: Ահա թե ինչու է հեպատիտ C կոչվել «լռակյաց մարդասպան»: Երբեմն էլ լյարդի ախտահարումից զատ՝ զարգանում են այլ խանգարումներ, օրինակ՝ մաշկի ցան, հոդացավեր, վահանագեղձի ախտահարում, որոնց ժամանակ դժվար է առաջին հերթին կասկածել հենց հեպատիտը: Վարակը վաղ հայտնաբերելու հիմնական եղանակն է կատարել արյան քննություն (անալիզ) վիրուսների վերաբերյալ:

Ինչպե՞ս կարող եմ ես պաշտպանվել վարակվելուց

Հեպատիտ B կանխարգելելու լավագույն ձևը պատվաստվելն է: Ցավոք, հեպատիտ C դեմ պատվաստում չկա: Այս վարակներից խուսափելու ընդհանուր կանոններն են՝ պաշտպանված սեռական հարաբերություն ունենալ, ասեղներ կամ ներարկիչներ կրկնակի չօգտագործել, առանձնացնել և միայն անհատական օգտագործել անձնական խնամքի այնպիսի պարագաներ, որոնք կարող են արյան հետ շփվել (ածելի, ատամի խոզանակ, և այլն):

Ի՞նչ է տեղի ունենում վարակվելուց հետո

Հեպատիտ B վարակը կարող է ընթանալ սուր կամ խրոնիկ: Սուր հեպատիտը արտահայտվում է վերը նշված երևույթներով (սակայն ոչ միշտ, երբեմն այն կարող է որևէ նշաններով չդրսևորվել), և կարող է ավարտվել կամ լիարժեք ապաքինումով, կամ էլ դառնալ խրոնիկական (այս տարբերակն ավելի հաճախ է լինում վաղ մանկական տարիքում վարակվելիս): Վերջին դեպքում վիրուսը կարող է երկար ժամանակ մնալ օրգանիզմում ոչ ակտիվ վիճակում և լուրջ վնաս չհասցնի լյարդին. այդ վիճակը կոչվում է վիրուսակրություն: Սակայն վիրուսը կարող է ակտիվանալ և առաջացնել լյարդի խրոնիկական բորբոքում՝ հեպատիտ, որն էլ հետագայում կվերածվի լյարդի ցիռոզի, իսկ որոշ դեպքերում նաև՝ քաղցկեղի:

Հեպատիտ C վարակը հազվադեպ է առաջացնում սուր հեպատիտ, ավելի հաճախ այն դառնում է խրոնիկական ու առաջացնում լյարդի բորբոքում, որի արդյունքում նույնպես զարգանում է լյարդի ցիռոզ և որոշ դեպքերում քաղցկեղ:

Իսկ եթե ես վարակված եմ հեպատիտ B կամ C, կա՞ արդյոք բուժում

Խրոնիկ հեպատիտ C այսօր համարվում է բուժելի հիվանդություն. վիրուսը կարող է ամբողջովին մաքրվել օրգանիզմից պացիենտների որոշ տոկոսի մոտ՝ հիմնական դեղորայքային համակցության օգտագործումով՝ պեգինտերֆերոն ևռիբավիրին:

Խրոնիկ հեպատիտ B դեպքում նախ պետք է որոշել, թե հիվանդին բուժում հարկավոր է արդյոք: Հեպատիտ B վիրուսից օրգանիզմի լիարժեք ձերբազատումը բուժման միջոցով շատ ավելի բարդ խնդիր է, սակայն հնարավոր է ճնշել վիրուսը, որպեսզի այն նվազագույն չափով վնասի լյարդը:

Եվ վերջապես, ամփոփելով.

Հեպատիտ B և C վարակները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Վարակվել հնարավոր չէ միայն խոսելով, դիպչելով վարակված մարդուն կամ նույն սպասքից օգտվելով: Այնուամենայնիվ, ոչ ոք երաշխավորված չէ վարակվելուց՝ չնախատեսված արյունային կամ սեռական շփման միջոցով: Խրոնիկ վիրուսային հեպատիտը կարող է որևէ կերպ չարտահայտվել երկար ժամանակ, մինչև որ արդեն ուշ լինի բուժում ստանալու համար: Սակայն եթե հիվանդությունն ախտորոշվի վաղ փուլում, կան բուժման էֆեկտիվ տարբերակներ: Ախտորոշվելու եղանակն է անցնել արյան քննություն հեպատիտ B և C վերաբերյալ:

Եթե Դուք ունեք հարցեր հեպատիտ B կամ C հետ կապված, ցանկանում եք ստուգվել, կամ ունեք արդեն նման խնդիր, ապա դիմեք բժշկի, Ձեր առողջության հարցերին առավել կոմպետենտ մոտենալու համար: