Կայացավ 23-րդ Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթը

Հերթական ամենամյա Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթը (UEG Week)  կայացավ ս.թ. հոկտեմբերի 24-28 Բարսելոնա քաղաքում: Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամներին բացառիկ հնարավորություն է ընձեռվելու՝ հեռակա մասնակցել Եվրոպայի առաջատար մասնագետների բարձրակարգ զեկույցներին:

 

 

Այս միջոցառումը գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ամենակարևոր գիտական միջոցառումն է համարվում. այստեղ կատարվում է ոլորտի նորությունների համապարփակ ամփոփում, ներառելով մեր մասնագիտության բոլոր բաժինները՝ կերակրափողի, ստամոքսի, լյարդի, աղիների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, էնդոսկոպիան և այլն: Կոնֆերանսը կազմակերպվում է Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության (United European Gastroenterology - UEG) կողմից, որի անդամ ասոցիացիա ենք նաև մենք:

Այս տարի կոնգրեսն իր հովանու ներքո հավաքել էր 13 հազարից ավելի մասնակիցներ: Առաջին երկու օրը նվիրված էին երիտասարդ մասնագետների հետբուհական կրթության սեմինարներին, իսկ հաջորդ երեք օրվա ընթացքում գերհագեցած ֆորմատով ներկայացվում էին գիտական և պրակտիկ զեկուցումներ ինչպես տեսական, այնպես էլ գործնական բժշկության բոլոր տեսանկյուններից:

Հայաստանը նույնպես ներկայացված էր 23-րդ Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթին. մեր պատվիրակության կազմում էին 6 բժիշկ-գաստրոէնտերոլոգ: Մեր ասոցիացիայի ներկայացուցիչը Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության Ազգային ասոցիացիաների ֆորումում՝ Մանիկ Գեմիլյանը, մասնակցեց հոկտեմբերի 25-ին կայացած ֆորումի հերթական նիստին, որտեղ քննարկվեցին եվրոպական գաստրոէնտերոլոգիայի ներկային և ապագային առնչվող կարևորագույն հարցեր: 

 

 

Կոնֆերանսի զեկույցների մեծամասնությունը հասանելի են UEG կայքում: Միջոցառմանն այցելած պատվիրակները կարող են դրանք դիտել անվճար, իսկ մյուս բոլորի համար դիտումը վճարովի է: Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների համար սակայն շատ շուտով հասանելի կլինեն կոնֆերանսի նորությունները՝ ինչպես Հայաստանից այցելած պատվիրակների մատուցմամբ, այնպես էլ հնարավորություն կլինի դիտել առավել կարևոր օրիգինալ դասախոսությունները: Հետևեք մեր նորություններին, որպեսզի հնարավորություն ունենաք վիրտուալ կերպով մասնակցել Եվրոպայի ամենակարևոր ամենամյա գաստրոէնտերոլոգիական կոնգրեսին: